Գիտնականներն ուսումնասիրում են Չինաստանում կորոնավիրուսի աղբյուրը

Նոր տեսակի կորոնավիրուսի վարակը Չինաստանում սկսվել է 2019 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերի սկզբին և արագացել՝ հասնելով Ուհանի ծովամթերքների շուկա: Այս մասին շաբաթ, փետրվարի 22-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիայի արևադարձային բուսաբանական այգու գիտնականների զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի աղբյուրը Ուհանյան շուկան չէ, ինչպես նախկինում էին կարծում: Վիրուսը այնտեղ կարող էր տեղափոխվել մարդուց մարդ, իսկ աղբյուրը «զրոյական հիվանդն» է, որը եկել է այլ վայրից: Այսպիսով սանիտարական վատ պայմաններով շուկան վարակի տարածման բարենպաստ միջավայր դարձավ։

Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ վերլուծելով չորս մայրցամաքների 12 երկրներում հավաքված 93 կորոնավիրուսային նմուշների գենոմի տվյալները, մարդու վարակի աղբյուրները և վիրուսի տարածման եղանակները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդության տարածումը անցել է առնվազն երեք տարբեր ուղղություններով:

Կորոնավիրուսի բռնկում գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում՝ 2019-ի դեկտեմբերի վերջին: Բացի Չինաստանից, հիվանդության դեպքեր են հայտնաբերվել աշխարհի ավելի քան 20 երկրներում, դրա զոհ են դարձել 2360 մարդ: Վարակվածների թիվն հասել է 76,7 հազար, առողջացել է ավելի քան 18,4 հազար մարդ:

Համաձայն վերջին տվյալների ՝ հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել մինչև 27 օր, ինչը էապես բարդացնում է համաճարակի կասեցումը: