2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց եւ այնուհետեւ նաեւ բաժնում ոստիկանների եւ նույնասեռականների միջեւ գրանցված միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործով 2 ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են 5 եւ 2 տարի ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից:
2 տարի ազատազրկման դատապրատված Մարատ Կիրլյուկը` կամ Յանան, համաներումով ազատ է արձակվել պատժի կրումից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարատ Կիրիլյուկին 2018թ. օգոստոսի 14-ին ժամը 05:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացի հատվածում Ժիրայր Հովհաննիսյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն, ապա շարունակել իր խուլիգանական գործողությունները Կենտրոնականի բաժնի վարչական շենքում, որի ընթացքում նաեւ բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ:
2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, նույնասեռականներ Գեւորգ Գասպարյանը (Լինա), Պողոս Ամիրխանյանը (Միլենա), Արթուր Հակոբյանը (Ալինա) եւ էդգար Ազատյանը (Էլլա) գտնվել են Երեւան քաղաքի Զաքյան փողոցում գտնվող «Կոմայգի» կոչվող վայրում։ Այդ ընթացքում վերը նշված անձանց կողքով է անցել Գրիգոր Գրիգորյանը, ումից նույնասեռականները ծխախոտ են խնդրել, ապա նրա կողմից ստանալով բացասական պատասխան, սկսել են նրան վիրավորել, որից հետո Գրիգոր Գրիգորյանը հետապնդել է նշված նույնասեռականներին, իսկ վերջիններս դիմելով փախուստի, մտել են նախ «Շիրակ» հյուրանոց, ապա «Աստորիա» հյուրանոց, որի ընթացքում նույնասեռականները ահազանգել են ոստիկանություն, ապա գնացել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Հասնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, Արթուր Հակոբյանը (Ալինա) հեռախոսային խոսակցության ընթացքում իր ընկեր՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին (Յանա) հայտնել է տեղի ունեցած դեպքի մասին, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ իրենց եւ օգնել։ Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են եկել նույնասեռականներ Մարատ Կիրիլյուկը (Յանա), Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) եւ Թելման Հարոյանը (Մանե) ու միացել են մյուս նույնասեռականներին։ Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել Գրիգոր Գրիգորյանին, ինչը տեսնելով, Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) եւ Մարատ Կիրիլյուկը (Յանա) սկսել են աղմկել ու հայհոյանքներ հնչեցնել՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով: Բնակիչներից մեկին էլ՝ Մ. Ու.-ին, որը մոտեցել եւ դիտողություն է արել, ծեծի են ենթարկել:
Ոստիկանները հեռացրել են բնակչին, ինչից հետո Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) եւ Մարատ Կիրիլյուկը (Յանա), շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները եւ հետապնդելով նրանց, մուտք են գործել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք եւ դիտավորությամբ դրսեւորելով հակաբարոյական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցնելով եւ սպառնալիքներ տալով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների հասցեին, շուրջ 15-20 րոպե ամբողջությամբ խաթարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հարվածել են ոստիկաններից երկուսին, պատռել են վերջինիս համազգեստի շապիկը եւ ուսադիրը:
Հունվարի 24-ին հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի՝ Ժիրայր Սահակի Հովհաննիսյանը մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ երկու դրվագներով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել հինգ տարի ազատազրկումը:
Մարատ Կիրիլյուկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել երկու տարի ազատազրկումը:
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ Մարատ Կիրիլյուկն ազատվել նշանակված պատժից։