ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանում, Արցախում և արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը և անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին:
Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, և այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»: