Կառավարությունը արտոնություն տվեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը. կստեղծվի 15 նոր աշխատատեղ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:

«ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

«ՍԱՀԼԵՎՍ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Ընկերությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵՏՄ եւ երրորդ երկրներ:

Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 18.7 մլն դրամ: