ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Reuters գործակալությունը։
«Մենք օգնություն ենք առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը», – ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ ներկայում գործում է Շվեյցարիայի իշխանությունների հետ համատեղ ստեղծված մարդասիրական խումբը, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։
Պետքարտուղարը հավելել է, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք՝ մտահոգություն հայտնելով, որ Թեհրանը չի հայտնում հիվանդության տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) Իրան դեղորայք և պարեն մատակարարելու թույլտվություն էր տվել:
Գերատեսչության տվյալներով՝ համապատասխան որոշումը ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից։
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: