ՆԱՏՕ-ն լվանում է ձեռքերը. ո՞ւր է գնալու Թուրքիան

Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք առանց այն էլ վերջին շրջանում խիստ սրված են՝ կապված Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, սպառնում են վերաճել թշնամականի. սիրիական հողում վերջին ավիահարվածների արդյունքում գրանցված երեք տասնյակից ավել թուրք զինվորների մահվան առնչությամբ չափազանց կոշտ է արտահայտվել Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը և թուրքական «A Haber» հեռուստաընկերության ուղիղ եթերում սպառնացել Մոսկվային ծանր վրեժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կա, Ռուսաստանը ներսից կպառակտվի։ Եթե մուսուլմանները սկսեն հարվածել, վրեժը շատ ծանր կլինի Ռուսաստանի համար»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ թուրքական կողմի խնդրանքով Պուտինն ու Էրդողանը միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իդլիբի անվտանգության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը: Տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ կատարվածի առնչությամբ Լավրովն է թուրքերին ցավակցություն հայտնել՝ հավաստիացնելով, որ անում են ամեն բան՝ Իդլիբի շրջանում դեէսկալացիայի ռեժիմն ապահովող թուրք զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:

Իրավիճակը, որ այժմ ստեղծվել է Մերձավոր Արևելքում, իհարկե, ռիսկային է բոլորի համար, սակայն ամենածանր վիճակում այժմ հենց էրդողանն է. նա չունի Մոսկվային հակադրելու իրական որևիցե բան: Անկարան փաստացի թաղվել է Իդլիբում՝ կանգնելով շատ ավելի խորքային ու բազմաշերտ խնդիրների առաջ:

Ստեղծված իրավիճակը չափազանց հետաքրքիր է ոչ միայն ռուս-թուրքական հակադրության, այլև Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների համատեքստում. չնայած ՆԱՏՕ-ի կողմից հնչող քաջալերող հայտարարություններին՝ Էրդողանն ակնհայտորեն չունի վստահություն, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքն օգնության կշտապի իրեն: Ավելին՝ Էրդողանը լուրջ կասկածներ ունի, որ Ռուսաստանի հետ բախման դեպքում Անկարան կարող է մնալ միայնակ, քանի որ ցանկության դեպքում ՆԱՏՕ-ն կարող է գտնել արդարացումներ ու «լվանալ ձեռքերը»:

Մոսկվան չհապաղեց հայտարարել, որ հարձակումն ուղղված է եղել գրոհի անցած ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնց կազմում պետք է որ թուրքեր չլինեին: Այնուհանդերձ, եթե նույնիսկ թիրախը թուրքերը լինեին, ապա այս պարագայում էլ էական է այն, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում, ուր Թուրքիան միջազգային բոլոր նորմերով զորք մտցնելու որևիցե թույլտվություն չուներ: Նույն ինքը՝ ՆԱՏՕ-ն չի ողջունել Անկարայի այդ քայլը:

Մյուս կողմից՝ Էրդողանի այն շանտաժները, թե Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ, որևիցե էական ուշադրության Հյուսիսատլանյան դաշինքում չեն արժանանում՝ նկատի ունենալով հատկապես ռուսների հետ բախման գործոնը:

Ո՞ւր է գնալու Թուրքիան

Իրավիճակը հետաքրքիր է նաև նրանով, որ այս ամենով հարվածի տակ է հայտնվում նաև Թուրքիայի նախագահի հեղինակությունը և՛ երկրի ներսում, ուր նրա դիրքերն, ըստ էության, այնքան էլ ամուր չեն, և՛ իսլամական աշխարհում. Թուրքիայի հեղինակության սասանման հարցն է մեջտեղ գալիս: Իդլիբն Էրդողանի համար այն փորձաքարն է, որը նա պետք է կա՛մ կարողանա իր ճանապարհից վերացնել՝ շանս ստանալու համար, կա՛մ բախվել դրան ու տապալվել:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հակամարտության նրբերանգներին, ապա այդ հակամարտությունն, իհարկե, շատ ավելի գլոբալ կարող է լինել՝ դուրս գալով նույնիսկ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից, և Էրդողանի խորհրդականի վերոհիշյալ հայտարարությունն այդ իմաստով բավական խոսուն է, չնայած չի բացառվում, որ այդ ամենն ընդամենը ներքին օգտագործման համար արվող հայտարարություններ են՝ նկատի ունենալով ռեսուրսների այն սղությունը, որին Թուրքիան բախվում է ռուսների դեմ պայքարում: Բոլոր դեպքերում կասկած չկա, որ Մոսկվայում ուշադրությամբ ունկնդրել են թուրք պաշտոնյային ու արել համապատասխան հետևություններ:

Թուրքերն, ըստ էության, ուղղակիորեն հարվածում են Ռուսաստանի ամենաթույլ կետին՝ սպառնալով երկիրը պայթեցնել ներսից և շահարկելով իսլամական գործոնը: Անկարան փաստացի Մոսկվային սպառնում է թյուրքական աշխարհի՝ ընդդեմ Ռուսաստանի մոբիլիզացմամբ, չնայած բացարձակապես պարզ չէ, թե ինչպես կամ ինչ ռեսուրսների հաշվին է Անկարան, թեկուզ տեսականորեն, այդ ամենն իրականացնելու: Արևմո՞ւտքն է հույսը:

Մյուս կողմից ռուս-թուրքական լարվածության ֆոնին չափազանց խոցելի իրավիճակում է հայտնվում Ալիևը, ով, փաստորեն, հայտնվել է Անկարայի կրնկի տակ՝ հույս ունենալով Թուրքիայի հաշվին կոմպենսացնել սեփական «բացերը»: Արդյոք Բաքուն պատրա՞ստ է հայտնվել մուրճի ու դագանակի արանքում, Ադրբեջանում հաշվարկե՞լ են, թե ինչ են անելու, եթե բանը հասնի իրական պատերազմին, և նույն Էրդողանն իր կրտսեր գործընկերոջ առաջ բարձրացնի «մեծ եղբորն» աջակցելու հարցը՝ թեկուզ հենց ռուսաստանասփյուռ ադրբեջանական համայնքի ռեսուրսն ի սպաս թուրքական շահերի դնելու տեսքով: «Մեկ ազգ, երկու պետություն»-ը այս դեպքում աշխատելո՞ւ է, թե՞ այն արդիական է միայն, այսպես ասած, լայն օրերի համար:

Դժվար է, իհարկե, ճշգրտորեն պատասխանել բարձրացված հարցերին, սակայն միանշանակ է, որ Բաքուն առիթը բաց չի թողնի Ռուսաստանին ցավեցնելու՝ նրա տարածաշրջանային դաշնակցի դեմ հերթական սադրանքը կազմակերպելու միջոցով: Բայց այդ դեպքում էլ Ալիևի համար գերխնդիր է դառնալու «Մոսկվայի աչքերին ուղիղ նայելը»:

Անկասկած, բոլոր ռիսկերը հաշվի առնելով է, որ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Զասը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հայտարարել է, որ եթե Երևանը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ դիմի ՀԱՊԿ–ին, կառույցը չի հապաղի: «Ղարաբաղյան հակամարտության խնդիրը մշտապես ՀԱՊԿ–ի ուշադրության կենտրոնում է։ Մենք արդեն լավ համակարգ ենք կառուցել, որով Հայաստանը մյուս պետություններին կարող է տեղեկացնել այդ խնդրի մասին»,-մասնավորապես ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ռուսաստանին ևս մեկ անգամ ի ցույց է դնում «հայկական սեպի» աշխարհաքաղաքական մեծագույն արժեքն ու բարձրացնում Երևանի կշիռը գլոբալ գործընթացներում: Այս իրավիճակում Հայաստանին մնում է  առավելագույն հմտություն ցուցաբերելու միջոցով ամրապնդել սեփական դիրքերն ու կարողանալ օրակարգային դարձնել հայկական շահը՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալով:

Արմեն Կարեյան Tert.am