Եթե կորոնավիրուսով վարակման այլ դեպքեր չգրանցվեն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը բնականոն հունով կգնա․ Նարեկ Զեյնալյան

Մեկ շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ  Նարեկ Զեյնալյանը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին։

Նա ասաց, որ  այս պահի դրությամբ տեղեկություն չունի, իսկ ըստ առավոտվա տվյալների՝ պատկերը նույնն է, ինչ երեկ էր։ Հարցին, թե կանխարգելման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, Զեյնալյանը պատասխանեց․

«Նախարարը երեկ հայտնեց, որ պահեստավորված դիմակներ կան, բայց տեղյակ չեմ, թե ինչ քանակությամբ են։ Իհարկե, իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և ճիշտ հետևանք չի կարող ունենալ»,- ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում դիմակ կրելը վարակվելու հավանականությունը չի կրճատում։

Դիտարկմանը, թե մարտի 2-ից արդեն պետք է սկսվեր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փաստացի այն չի սկսվել, արդյո՞ք սրա պատճառը վիրուսն է, Զեյնալյանը պատասխանեց, որ քարոզարշավի հետ կապված քննարկումներ են ընթանում, սակայն քարոզչության ակտիվ փուլը դեռ չի սկսվել. մեկ շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա։