«Վերացրե՛ք անիծյալ պատժամիջոցները». Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարին խանգարող պատժամիջոցները

ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը թույլ կտա երկրին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Երկուշաբթի նման կոչ է արել Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդդին Ասենը:

«Վերացրե՛ք այն անիծյալ պատժամիջոցները, որոնք մեզ խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ», – գրել է նա Twitter-ում:

Ասենը նշել է, որ «որքան շատ է տարածվում հիվանդությունն Իրանում, այնքան հավանական է, որ այն կհասնի այլ երկրներ»:

«Վարակը միջազգային խնդիր է»,- գրել է խորհրդականը:

Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել էր երկրում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում վարակակիրների թիվը 978 է, գրանցվել է առնվազն 54 մահ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք: