Հայաստանը Հնդկաստանից 40 մլն դոլար արժողությամբ 4 ռադիոտեղորոշիչ ռադար կգնի

Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ մատակարարելու 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել։ Հնդկաստանը հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանին և Լեհաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հնդկական լրատվամիջոցները: Timesnownews.com կայքը, հղում անելով Հնդկաստանի կառավարության իր աղբյուրներին, գրել է, որ ռադարային համակարգը մշակվել է Պետական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության Էլեկտրոնիկայի և ռադարների զարգացման հիմնադրամի Բանգալորի (Բենգալուրու) լաբորատորիայի կողմից և արտադրվել է «Bharat Electronics Limited (BEL)»-ի կողմից: Կայքի տեղեկություններով՝ Հնդկաստանն արդեն սկսել է ռադարային համակարգի մատակարարումը Հայաստանին:

Business Today-ն էլ տեղեկացնում է, որ Հայաստանը մանրամասն փորձարկել է նաև Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկված համակարգերը, սակայն հետո ընտրել է հնդկականը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը: