«Փաստ»․ Տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցողները. նախագիծ

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ։

Գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց` գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Որպես առաջին քայլ նախատեսված է 2020 թվականից քառասունով նվազեցնել ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների թիվը` մինչ այդ գնահատելով խնամվողների անհատական կարիքները և ընտանիք վերադառնալու կամ այլ ծառայություններից օգտվելու կարողություններն ու ցանկությունները: Միաժամանակ, այդ գործընթացին զուգահեռ պետք է խստացվեն տուն-ինտերնատ ընդունվելու պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Տարեցներին կառաջարկվեն այլ ծառայություններ:

Նշվում է, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատում խնամվում է 640 շահառու, որոնց 60 տոկոսից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ՝ բնակարան:

Գործող կարգը թույլ է տալիս տուն և ընտանիք ունեցող տարեցին ընդունել տուն-ինտերնատ, եթե ընտանիքում առկա են ինչ-ինչ խնդիրներ՝ սոցիալական մեկուսացվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ և այլն, և սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը տվել է դրական եզրակացություն: Արդյունքում մեծանում է տուն-ինտերնատներում խնամվողների և ընդունվելու համար հաշվառված անձանց թիվը, մինչդեռ տնային պայմաններում այդ տարեցներին խնամք մատուցելու դեպքում այն զգալիորեն կնվազեր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ քանի որ մյուս կողմից բավարար ծավալով և քանակով այլընտրանքային ծառայություններ չկան, որ մարդն ընտրության հնարավորություն ունենա, իսկ տարեց խնամող ընտանիքին աջակցություն տրամադրելու մեխանիզմները բացակայում են, նախարարությունը զուգահեռ իրականացնում է այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականություն:

Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվել է նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը և դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություններից օգտվողներինը (փոքր տների, տնային խնամքի, ցերեկային կենտրոնների, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայությունների միջոցով), այս նախագծով խստացվել են տուն-ինտերնատ ընդունելության պայմանները, որպեսզի այնտեղ հայտնվեն իրապես տուն-ինտերնատում խնամքի կարիք ունեցող շահառուները, իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ դիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ շարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում) և ստանալ տնային խնամք:

Այսպիսով՝ նախագծով վերանայվել է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք: Մնացած դեպքերում անձին կառաջարկվի այլ ծառայություն:

Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40 տոկոսով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը, և դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: