Երեւանի քաղաքապետարանի դիմաց երեք երեխաների ներկայությամբ ինքնահրկիզման փորձ արած 28-ամյա Սայաթ Հայրապետյանը այդ քայլին է դիմել բնակարանի վարձն ու կոմունալ ծախսերը վճարել չկարողանալու պատճառով: Սայաթն ապրում է Երրորդ մասում գտնվող սեփական տներից մեկում, ամուսնացած է, ունի 4 անչափահաս երեխա:
«Հայկական ժամանակին» հաջողվեց գտնել նրա վարձակալած բնակարանն ու զրուցել ընտանիքի անդամների հետ: Մեզ դիմավորեց Սայաթի կինը՝ 28-ամյա Արմինեն, որը զարմացած ու հուզված էր ամուսնու կատարած այդ քայլից: Ասաց՝ չի իմացել, որ նա նման մտադրություններ ունի, առավոտյան երեք երեխաներին վերցրել եւ արագ դուրս է եկել: Մեծը 8 տարեկան է, միջնեկը՝ 6, փոքրը՝ 4: Կրտսեր աղջիկը 8 ամսական է: Երեխաների մայրը պատմեց, որ արդեն երկրորդ ամիսն է՝ չեն կարողացել վճարել տան վարձը, ինչի պատճառով տան տերը մեկ օր ժամանակ է տվել այն ազատելու համար: Վարձավճարի հետ մեկտեղ պահանջում է կոմունալ վճարների բոլոր կտրոնները, որոնք ոչ բոլորն են այս պահին վճարված:
Ընտանիքի ընդհանուր պարտքը մոտ 200 հազար դրամ է: Մեր այցելության պահին անջատված էր Հայրապետյանների գազը, տունը ցուրտ էր, մանկահասակ աղջիկն արթուն էր օրորոցի մեջ, իսկ երեք արու զավակները վազվզում էին առանձնատան փոքրիկ այգում: Արմինե պատմեց, որ լույսի վարձը մի կերպ վճարել են, որ չանջատեն, գազի համար գումարը չի բավականացրել: «Գազ չկա, մի քանի կարտոշկա մաքրեցի այս փոքր պլիտային դրեցի, բայց առավոտից չի եռացել», -կես-կատակ, կես-տխուր ասաց Արմինեն:
Նշեց, որ ամուսինը միշտ էլ նորմալ աշխատել է: Պարզապես ծանր ֆիզիկական գործեր չի կարողանում անել: Սայաթը տաքսու վարորդ է: Բարեկամներ ունեն, բայց, ինչպես երիտասարդ տանտիկինը նկատեց, ամեն մեկն իր հոգսերն ու խնդիրները ունի, չեն կարող ամեն անգամ ինչ-որ մեկից օգնություն խնդրել: Սայաթը մայր ունի, որը իրենց հետ է ապրում, սակայն այդ պահին տանը չէր: Արմինեի խոսքով՝ նա հիվանդ է, չի կարողանում աշխատել:
«Ծախսերը շատ-շատ են, երկու երեխաներս դպրոցական են, փոքրս մանկապարտեզ է գնում: Ի՞նչ ենք արել, խնդրել ենք թաղապետարանից, որ մի փոքր ներողամիտ գտնվեն ու մեզ աջակցեն: Հույս ունեինք տանտերը կսպասի մի փոքր, թաղապետարանից էլ խոստացել էին, բայց որ առավոտյան զանգեցին ասեցին ոչնչով չեն կարող օգնել, ամուսինս կատաղած երեխեքին վերցրեց ու գնաց: Հետո զանգեց ասեց թաղապետարանում ոչինչ էլ չի լուծվում, գնում է քաղաքապետարան»,- պատմեց նա:
Արմինեն կատարվածի մասին ոստիկաններից է իմացել, որոնք պատասխանել են ամուսնու հեռախոսահամարին: Ասաց, որ երեխաները վախեցել են: «Մեծս ու միջնեկս շատ էին վախեցել, լալիս էին»,-պատմեց նա: Այդ պահին ներս մտավ միջադեպին ներկա երեխաներից փոքրն ու վրա բերեց՝ ես էլ էի վախեցել:
Երեք փոքր սենյակներ ունեցող այս տան մեջ պայմանները վատն էին, բայց երեխաները խնամված էին, մաքուր ու բավականին լավ հագնված: Մայրը թույլ չտվեց նկարել նրանց:
Պատրաստվում էինք դուրս գալ, երբ դռների մոտ հայտնվեց Սայաթ Հայրապետյանը: Նրա ձեռքին քաղցրավենիքներով տոպրակ կար, դրեց սեղանին ու մեզ հրավիրեց կողքի սենյակ զրուցելու: Սայաթը պատմեց, որ կատարվածից հետո իրեն տարել են նախ ոստիկանություն, ապա Նուբարաշենի հոգեբուժարան, հետո նորից ոստիկանություն եւ ապա քաղաքապետարան: Այդ ամենից հետո դուրս էր եկել մի քանի բան գնել երեխաների համար ու վերադարձել տուն:
– Սայաթ, իսկապե՞ս մտադիր էիք ինքնահրկիզվել, թե սա ուշադրություն գրավելու հեշտ մեթոդ էր:
– Անկեղծ արդեն 4-րդ նմանատիպ հարցն է, որն ինձ այսօր տալիս են: Ես պատրաստվում էի ինքնահրկիզվել, բայց ոչ ինքնասպանության նպատակով, այլ այն բանի համար, որ ձայնս լսելի դարձնեմ: Ինչպես ուզում են, թող հասկանան, ինչ որակումներ ուզում են, տան իմ այս քայլին: Իրականությունը մեկն է. եթե միայն փետրվար ամսին 6 միլիարդ դրամ պարգեւատրում ստացած տվյալ հիմնարկը (քաղաքապետարանը) սովորական քաղաքացուն 2-3 րոպե լսելու եզրերը քոռացնում է, ապա ես կարող եմ այդ քայլին դիմել: Իսկ թե ես դրանից կմահանայի կամ հաշմանդամ կդառնայի, այդ պահին ինձ չէր հետաքրքրում:
– Իսկ նախքան այդ քայլին դիմելը քանի՞ անգամ եք գնացել քաղաքապետարան եւ կոնկրետ ինչ խնդիր եք ներկայացրել, որ չի լուծվել:
– Բազմիցս: Խնդիրս մեկն է եղել՝ ես 9 տարի է՝ ամուսնացած եմ, Երեւանի բնակիչ եմ, միշտ ձմռանը խնդիրներ եմ ունեցել, բայց լուծելի է եղել, իսկ այս տարի չի ստացվում լուծել այդ խնդիրը: Ուրիշ ոչ մեկը չունեմ, միակ հույսս այն էր, որ իմ քաղաքի քաղաքապետը կաջակցի, այս ձմեռը կհաղթահարեմ կշարունակեմ իմ կյանքը: Խնդրանքս շատ փոքրիկ էր:
– Ի՞նչ էր:
– Խնդրում էի, որ ինձ օգնեն այս երկու ամսվա տանս վարձն ու կոմունալները վճարեմ: Ամեն տարի խնդիր ունեցել եմ, բայց լուծելի է եղել: Այս տարի լուծել չկարողացա: Թող բարձր պաշտոն զբաղեցնող մեկն ինձ ասեր՝ չէ, չենք օգնում, թո՛ղ գնա, ես կգնայի: Բազմիցս սուտ խոստումներ են եղել, որոնք այդպես էլ չեն լուծվել:
– Իսկ երեխաներին ինչու՞ տարաք ձեզ հետ: Արժե՞ր:
– Չէ, չարժեր: Մի 40 րոպե մտածում էի, երեխաներին ճանապարհեմ, ինչ անեմ, ոնց անեմ: Նեղվում էի արդեն վիճակից, մի քիչ երեխաներիցս հեռացա, նրանց մեջքի հետեւից էի ուզում… որ հեռու լինեմ…
– Ինչն էր պատճառը, որ այս տարի չստացվեց հաղթահարել խնդիրները, ի՞նչն է փոխվել:
– Այս տարի Նոր տարվա շեմին ունեցա վթար եւ քանի որ մեքենայիս ապահովագրությունը տաքսու չէր, ապահովագրող ընկերությունը չփոխհատուցեց, ստիպված ինքս հանձն առա այդ գումարը փակել, այդպես էլ սկսվեց:
– Ինչքա՞ն գումար էր:
– Մոտ 1 միլիոն դրամի կարգի: Արդեն 700 հազարը փակել եմ: Ձմեռվա միայն հունվար-փետրվար ամիսներն են, որ կաղում եմ, բայց երբեք այս ձեւով չէի ընկել: Գործն էլ թույլ էր, եթե այդ պարտքը չփակեի, նման խնդրի առաջ չէի կանգնի: Ով տաքսի է քշում, գիտի՝ ձմռան եղանակին գիշերները ժամը 9-ից 10-ից հետո կարելի է ձեռքերը լվանալ տուն գնալ:
– Օրական ինչքա՞ն եք վաստակում, եթե կարելի է իմանալ:
– Օր կա՝ 18 հազար դրամ, օր կա՝ 15, նայած:
– Իսկ այլ աշխատանքով երբեւէ զբաղվել եք:
-Չէ, ժամանակին փոքրիկ ինչ-որ գովազդային ընկերությունում գործակալ եմ եղել, բայց շատ շուտ դուրս եկա:
– Միջնակարգ կրթութուն ունե՞ք:
– Այո, 10-ամյա: Կինս էլ հաշվապահական քոլեջ է ավարտել, բայց աշխատանքային փորձ չունի:
– Որպես բազմազավակ ընտանիք պետությունից ինչքա՞ն գումար եք ստանում: Արդյո՞ք դա մի փոքր չի թեթեւացնում ֆինանասական բեռը:
– 45 հազար դրամ «Փարոս» ենք ստանում, 50 հազար փոքրիկիս համար ենք ստանում: Ուղղակի, որ գործ չկար, երեխայիս գումարից էի տալիս պարտքատերերին:
– Լավ, հիմա ձեր այս քայլն օգնե՞ց: Քաղաքապետարանից մեզ ասել են, որ Խարբերդում ձեզ հողատարածք են առաջարկել:
– Ես հիմա քաղաքապետարանից եմ գալիս: Ինչ վերաբերում է Խարբերդին, ասեմ՝ իրենք շատ գեղեցիկ եռագույն են սարքում: Առավոտյան գնացի թաղապետարան, որ իմանամ ինչ կլինի: Փոխթաղապետն ինձ լսելուց հետո ասեց՝ մտքովս հենց նոր բան անցավ, ես քեզ համար Խարբերդում էժան տուն կգտնեմ: Տեղում զանգահարեց:
– Էժան տուն վարձո՞վ: Այլ ոչ թե հողատարածք կամ այլ…
– Ոչ, ինչ հողատարածք: Վարձով տուն: Ինձ ասացին, որ ֆինանսական օգնություն չի լինի երբեւէ: Փոխքաղաքապետն ասաց՝ 5 րոպե սպասի աշխատասենյակում, ես չսպասեցի, դուրս եկա երեխաներիս հետ ու գնացի քաղաքապետարան: Հիմա եթե հնարավորություն լինի, կտեղափոխվեմ, որ դուրսը չմնամ: Բայց այստեղ ինձ շատ ավելի հարամար էր, եւ հետո երեխաների դպրոցի ու մանկապարտեզի հարցն էլ լուրջ թեմա է, որով պիտի զբաղվեմ: Ինձ խոստացել են լուծել ինչ-որ կերպ աջակցել: Հաստատ թուքումուրներ շատ կուտեմ:
– Ինչո՞ւ, որ երեխաներին տարել էիք ու նման քայլի էիք դիմել:
– Դե, նախ, տան տերը կասի, այն մյուս պարտքատերերը… Փոխթաղապետը խոստացել է տան տիրոջ հետ խոսել, որ մի քանի օր սպասի: Եթե Խարբերդում հարմար տարբերակ լինի՝ կտեղափոխվեմ, ամեն ինչի էլ պատրաստ եմ:
ՀԳ. Նախքան Սայաթ Հայրապետյանի տուն մեր այցը Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» հայտնել էին, որ այսօր նա որեւէ պահանջով քաղաքապետարան չի դիմել, պարզապես եղել է այդ տարածքում: Բայց նախապես մի քանի անգամ դիմել է կացարանի ու աջակցության խնդրով: Քաղաքապետարանից նաեւ հայտնել էին, որ Սայաթին Խարբերդում հողակտոր է առաջարկվել, սակայն վերջինս հրաժարվել է: «Նա ասում է, որ իր տան կոմունալ ծախսերն ու վարձավճարն էլ փակեք, նոր կորոշի՝ մնալ, թե չէ: Դրամական աջակցություն մեր կանոնադրությամբ նախատեսված չէ»,-հայտնել էին քաղաքապետարանից: