Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել COVID-19-ի հետևանքով տուժած երկրներին

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ակտիվ օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժած երկրներին: Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսյուն, գրում է tass.ru-ն:

«Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած հնարավոր օգնությունը այն երկրներին, որտեղ թոքաբորբի տարածման հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել»,-հայտնել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Չինաստանի կառավարությունը կավելացնի համագործակցությունն այլ պետությունների հետ բժշկության և դեղագործության ոլորտում, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման համար: Չժաոսյուն ընդգծել է, որ Պեկինը կշարունակի ուշադրություն դարձնել այս խնդրին՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի ընթացքում լիակատար թափանցիկություն:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը. բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը