«Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլև Լիլիթ Մակունցը, որը մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն և հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել:
Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը:
Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռևս ժողովրդավարության գրավական չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: