«Փաստ». Հայաստանի տնտեսական մարտահրավերներն ու քարոզչական արձակուրդը

«Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին:

Ճիշտ է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում նավթի խոշորագույն ներմուծող Չինաստանում այս վառելիքի պահանջարկի նվազման արդյունքում արդեն իսկ փետրվարի վերջին նկատվում էր նավթի գների նվազում, սակայն Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի տարաձայնությունները պատճառ դարձան, որ մեկ օրվա ընթացքում նավթի գներն անկում ապրեն 30 տոկոսով, որը խոշորագույն անկումն էր 1991 թվականից ի վեր։

Կանխատեսվում է, որ առաջիկայում նավթի գները որոշ չափով կբարձրանան, սակայն ընդհանուր առմամբ դրանք կմնան ցածր։ Եվ արդեն իսկ տարբեր երկրների ֆոնդային բորսաներում նավթի գների անկման և կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով ակցիաների խոշոր անկում է գրանցվել, սակայն ամենից մեծ վնասը սկսել են կրել այն երկրները, որոնց տնտեսությունները ուղղակի կախվածություն ունեն էներգակիրների գներից։

Իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանը այդ երկրներից մեկն է։ Ռուսաստանի տնտեսության ու պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Եվ պատահական չէ, որ սև ոսկու գնանկմանը հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։

Իսկ ռուբլու արժեզրկումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Նախ և առաջ հաշվի առնենք, որ ամեն տարի Ռուսաստանից տրանսֆերտների տեսքով էական գումարներ են փոխանցվում Հայաստան։ Եվ ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն նվազում են Հայաստան փոխանցվող գումարները։

Օրինակ՝ 2015 թվականին, երբ նավթի համաշխարհային գինը նվազել էր ու հանգեցրել ռուբլու թուլացմանը, բանկերի միջոցով արտասահմանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվեցին շուրջ կես միլիարդ դոլարով կամ 23%-ով, որը հսկայական գումար է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար։

Բացի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների չափի նվազումից, ռուբլու անկումը բացասական հետևանքներ կունենա նաև մեր երկրի արտադրողների և արտահանողների վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման գերակա շուկա է։

Եվ այս պայմաններում մեր արտադրողները և արտահանողները վնասներ են կրելու, քանի որ ստիպված են լինելու արտահանվող ապրանքները վաճառել ավելի բարձր ինքնարժեքով։ Իսկ սա թուլացնելու է նաև նրանց մրցունակությունը։

Դրությունը կարող էր ավելի մեղմ լինել, եթե Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից այդքան մեծ չլիներ։ Եվ այս հանգամանքը փաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, սակայն գործնական քայլեր չեն կատարվում։

Չնայած իշխանությունները հավաստիացնում են, թե այս իրավիճակը միայն կարճաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է պատճառ դառնալ Հայաստանի տնտեսական վիճակի կտրուկ վատացման համար։

Եվ ամենաբարդն այն է, որ Հայաստանի տնտեսության համար հնարավոր վտանգները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրություն պետք է դարձնել, որ վերջին օրերին միջազգային շուկայում մետաղների և մասնավորապես պղնձի գների անկում է նկատվում, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի հանքարդյունաբերության մեջ պղնձի խտանյութի արտահանումը մեծ մասնաբաժին է կազմում։

Եվ այս առումով հատկանշական է, որ պղնձի գների անկման պատճառով 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերջին տասը տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանն ավելացրել է պղնձի արտահանման ծավալները, որպեսզի քանակի միջոցով կարողանա փոխհատուցել այն գումարների կորուստը, որն ունենում է պղինձն ավելի էժան արտահանելու արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: