«Նիկոլ Փաշինյանը երեկ Գորիսում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե «…Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»:
Նախ նկատենք, որ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնելը հակասում է ՀՀ անվտանգության պահանջներին: Ստացվում է սեփական քաղաքական շահերից ելնելով՝ ընտրազանգված հավաքելու համար, Փաշինյանը պատրաստ է նույնիսկ անվտանգային հարցերը դնել քննարկման:
Այնուամենայնիվ, ճշտելու համար, թե հայտարարությունն ինչի մասին է, «168.ժամ»-ը փորձեց ՊՆ իր աղբյուրներից մանրամասներ ստանալ: Պարզվեց՝ խոսքը վերաբերում է մի զինատեսակի, որը ՀՀ է բերվել 2016 թ. ամռանը ԶՈՒ համապատասխան ստորաբաժանման տեխնիկական պատվերի հիման վրա: Թե ինչ նպատակով է ձեռք բերվել և որոնք են պատճառները, մանրամասները հրապարակել չենք ցանկանում:
ՊՆ-ում մեր աղբյուրները տեղեկացրին, որ այն ստորաբաժանման ղեկավարը, որը պատասխանատու է նման տեխնիկայի ձեռքբերման համար, այժմ էլ բարեհաջող կերպով ծառայում է գործող իշխանությանը և շարունակում է մասնագիտական խորհրդատվություններ անել: Մասնավորապես, նա Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջատար փորձագետ է:
Մեր տեղեկություններով՝ այդ դեպքով նախկինում նույնիսկ քրեական գործ է հարուցված եղել, ուստի ավելի ազնիվ կլիներ, եթե Փաշինյանը խոսեր այդ գործի մասին:
Հուսանք, իշխանությունները կպարզեն, թե ովքեր են իրական մեղավորները, և ինչ է պարզել քննությունն այն ժամանակ: Սա շատ ավելի կարևոր է, քան հերթական անգամ ժողովրդին մանիպուլացնելն ու իրեն շահավետ կերպով փաստերն ու իրողությունները կեղծելը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: