«Գահերի խաղի» դերասանը հայտնել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Թորմունդի դերակատարմամբ, հաղորդել է, որ վարակված է կորոնավիրուսով և ընտանիքի հետ միասին տանը մեկուսացված է լինելու այնքան ժամանակ, որքան կպահանջի: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նա ինստագրամյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ է արել, որը դրական է ստացվել:

«Իմ ընտանիքը և ես ինքնամեկուսացվել ենք տանը այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Մենք լավ ենք, ինձ մոտ մրսածության թեթև նշաններ կան»,- գրել է դերասանը:

Նա բոլորին կոչ է արել առավելագույնս ուշադիր լինել և անել ամեն բան, որպեսզի վիրուսի տարածումը կանգնեցվի:

«Միասին մենք կարող ենք հաղթահարել այս վարակը և դադարեցնել մեր հիվանդանոցներում տիրող ճգնաժամը: Խնդրում եմ, հոգ տարել մեկդ մյուսի մասին, հեռավորություն պահեք և առողջ եղեք»,- հավելել է նա: