2019 թվականի օգոստոսի 12-ին ադրբեջանական սահմանը հատած հայազգի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հանձնման հարցը այդպես էլ շարունակում է մնալ օդում կախված: Դեպքից գրեթե կես տարի է անցել, և մինչ օրս զինծառայողի մասին հստակ որևէ նորություն չկա:
Համենայն դեպս, պաշտոնական վերջին հայտարարությունը 19-ամյա զինծառայողի գերեվարման մասին արել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը կարճ էր խոսել.
«Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել»:
Ինչպես հայտնի է, Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի եվ Շահբազ Գուլիեւի հետ: Իսկ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը:
Վարչապետ Փաշինյանը պնդում էր.
«Փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»: ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Ղազարյանը, հայտնեց, որ որդուց նամակ ստացել է վերջին անգամ մարտի 9-ին Կարմիր խաչի միջոցով, պատկան մարմիններից, և ցավալիորեն նշեց, որ որևէ լուր , այլ գերատեսչությունից, մասնավորապես, ՀՀ պաշտպանության կամ Արտաքին գործերի նախարարություններից չեն ստանում։
«Միշտ նույն բանն է գրում, լավ եմ։ Ես կարծում եմ, որ Արայիկն ինքը նամակները չի գրում, քանի որ ես նրան միշտ գրում եմ, թե այստեղ ուր է գնացել, ինչ հիշողություններ ունի, բայց նա ոչինչ չի պատասխանում, իսկ առաջ իմ բոլոր հարցերին պատասխանում էր։ «Կարմիր Խաչից» ինձ ասացին, որ նրանից նկար կբերեն, բայց ադրբեջանցիները չեն թույլ տվել»,-նշեց նա։
Արայիկ Ղազարյանի մայրը չի հավատում, որ որդին լավ է․ «Ինձ ասում են Ձեր որդի ֆիզիկապես առողջ է, լավ է, մարմնի վրա բռնության հետքեր չկան»,-պատմեց ռազմագերի Արայիկ Ղազարյանի մայրը:
Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Ունի մեկ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։