Հիմա կառավարության բոլոր գործողություներն առաջ են նայում, դրան են միտված լրատվամիջոցների սահմանափակումները, ընդունված օրենքները. Աննա Հակոբյան

Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման կամավորական աշխատանքների է մասնակցել, բաժանել բուկլետներ: Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին:

«Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հիմա մեր կյանքը ամբողջությամբ՝ 360 աստիճանով շրջված է, մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլևս և բոլոր հարցադրումները, կարծես, նախորդ կյանքից լինեն: Հիմա կառավարության բոլոր գործողություներն առաջ են նայում, և նայում են, նրան մինիմալ կորուստներով, մինիմալ հոգեբանական տրավմաներով մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված լրատվամիջոցների սահմանափակումները, ընդունված օրենքները»,-ասաց  նա:

Աննա Հակոբյանը նշեց, որ մենք հիմա միջանկյալ տարածությունում ենք գտնվում և գնում ենք դեպի ապագա: «Վտանգներ չեմ տեսնում և կրկին հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումով կմոտենան բոլոր գործողություներին և մաղթում եմ մեր կառավարությանն իսկապես տոկունություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու և այս իրավիճակը հաղթահարելու առումով»,-ասաց նա: