Իտալիայում կորոնավիրուսից մահացությունների թիվն անկում է ապրել և նվազում է երկրորդ օրն անընդմեջ: Այս մասին հայտարարել Է Իտալիայի Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին, գրում է The Sun պարբերականը։
Մարտի 23-ի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 601 մարդ: Այս ցուցանիշը 50-ով պակաս է նախորդ օրվա համեմատ, ընդգծել է Բորելին։
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 63,9 հազար դեպք է գրանցվել, որոնցից ավելի քան 6 հազարը՝ մահվան ելքով, ևս 7,4 հազար հիվանդ բուժվել է։ Երկիրը կորոնավիրուսից մահացությունների թվով գտնվում է երկրորդ տեղում։
Իտալիայում վիրուսի տարածման առաջին դեպքերը գրանցվել են փետրվարի 21-ին: Մարտի 10-ից ի վեր երկրում խիստ կարանտին է սահմանված:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381,649-ը, ավելի քան 16,558 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102,429-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: