ԱՄՆ Սենատն ընդունել է ամերիկյան տնտեսության վերականգնմանն ուղղված մոտ 2 տրիլիոն դոլարի փաթեթը. The Guardian

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին, գրում է The Guardian-ը։

Օրինագծի քննարկումը ընթացել է վերջին մի քանի օրերի ընթացքում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես խոստացել էր ստորագրել փաստաթուղթը։ Դրանից առաջ օրենքը պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որի քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս ուրբաթ։

Փաթեթը ներառում է 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։

Եվս 500 մլրդ դոլար կհատկացվի ձեռնարկությունների, նահանգների և քաղաքների աջակցության կայունացման հիմնադրամի ձևավորմանը։

Ընդ որում, Թրամփի և վարչակազմի կամ Կոնգրեսի այլ անդամներին պատկանող բիզնես-կառույցները չեն կարող օգնություն ստանալ այս միջոցներից։

Օրինագիծը նաև նախատեսում է տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող միլիոնավոր ամերիկացի հարկատուների միանվագ վճարումներ՝ 1,2 հազար դոլար մեկ չափահասի համար և 500-ական դոլար յուրաքանչյուր երեխայի համար: