Նկարիչների միությունում կրկեսային կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես է բացվել

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը հույս ունի, որ արդեն 2018 թվականին կրկեսը կսկսի գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Նկարիչների միությունում «Կրկես» խորագրով ցուցահանդեսի բացմանը նախորդած ասուլիսի ժամանակ:

«Սա բազմաբնակարան շենք չէ, աշխատանքները հեշտ չեն: Մեր մասնագետները բերվում են միայն արտերկրից: Վերջերս նման մասնագետներ էին եկել անվտանգության համակարգը ստուգելու համար:  Այնպես որ, այդքան սպասել ենք, էլի կսպասենք եւ կունենանք ժամանակակից շենք, որտեղ  տեղադրելու ենք Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված քանդակը»,-ասաց Սոս Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկնարկային ծրագիրն արդեն իսկ պատրաստ է: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսել են դեռեւս կրկեսի քանդմանը հաջորդող օրերից:

«Կրկեսի քանդման հենց մյուս օրը զբաղվել ենք սցենարով: Ես գիտեմ, թե հիմա որն է արդիական, արդյոք միայն հայ դերասանները, թե նաեւ արտերկրից ժամանածները պետք է ելույթ ունենան: Այնպես որ, այն պատրաստ  է, թող անակնկալ լինի: Մենք նաեւ ունենք կրկեսային բիզնես պլան»,-ընդգծեց Սոս Պետրոսյանը եւ հավելեց, որ  կրկեսի դերասաններից եւ ոչ ոք պարզապես չի նստել,  սպասել կրկեսի բացմանը, այլ այս ընթացքում շարունակել են իրենք ստեղծագործական աշխատանքը, որի համար ունեն հատուկ տարածք:

«Եթե կա մեկը, ով պարապ է, ինձ ասեք: Եթե կրկեսի դերասանն ունի նորմալ ներկայացում, նա չի կարող պարապ մնալ: Տվեք ինձ կրկեսի դերասան, երեք օրից  լավագույն պայմանագրերով կուղարկեմ արտերկիր»,-նշեց նա:

Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսում իրենց աշխատանքներն են ներկայացրել տարբեր սերնդի նկարիչներ, խեցեգործներ եւ քանդակագործներ, իրենց աշխատանքներում նկարագրել  կրկեսի աշխարհի մասին իրենց պատկերացումները: Սոս Պետրոսյանի խոսքով՝ նման ցուցահանդես առաջին անգամն է կազմակերպվում Հայաստանում, ինչը ողջունելի է:

«Կարծում եմ՝ նման ցուցահանդես անելու ենք նաեւ կրկեսում: Սա կարծես առաջին փորձն է, ներկայացված են շատ լավ աշխատանքներ: Ես վերջերս եմ մասնակցել նման ցուցահանդեսի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ մի քանի այլ տեղերում: Կարող եմ ասել, որ մերը ոչնչով չի զիջում»,-ասաց Սոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ կրկեսին կից ստեղծվելու է նաեւ թանգարան, եւ չի բացառվում, որ այս նկարներից մի քանիսը եւս այդ թանգարանում  տեղ գտնեն:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ տարեկան շուրջ 40 ցուցահանդես են կազմակերպում, եւ սա դրանցից մեկն է: Նա ցավով արձանագրեց, որ վերջին տարիներին երեխաները հեռու են կրկեսից, սակայն հույս հայտնեց, որ արդեն գալիք տարի կրկեսը կբացի իր դռները:

«Մենք մեր ծնողներին խնդրում էինք, որ  տանեն մեզ կրկես, իմանում էինք, որ  այլ երկրների կրկեսները գալիս են այստեղ,  ես փիղ, ընդհանրապես  վարժեցված կենդանիներ առաջին անգամ կրկեսում եմ տեսել, ծաղրածուական արվեստը եւս կրկեսում եմ տեսել:  Եվ արդեն կարծես նշմարվում է, որ հենց եկող տարի  իր դռները կբացի մեր սիրելի կրկեսը»,-նշեց Կարեն Աղամյանը: