Մահացել է Լեւոն Արոնյանի կինը` Արիանա Կաոլին

Մահացել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոյսմաստեր Լեւոն Արոնյանի կինը`Արիանա Կաոլին: Այս մասին իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է անձամբ շախմատիստը. «Բառեր չունեմ նկարագրելու վիշտս` կապված կնոջս` Արիանայի մահվան հետ: Նա խելացի, աշխատասեր եւ կենսուրախ մարդ էր, ով հրաշալի կյանք ապրեց: Սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը:

Արիանա Կաոլին, ով ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ էր: Արիանան Լեւոն Արոնյանի հետ ամուսնացել էր 2017 թվականին:

33-ամյա ֆիլիպինյան ծագումով ավստրալուհին ուղղակի խենթանում էր Հայաստանի համար:

Կաոլին միշտ Հայաստանի մասին արտահայտվել է յուրահատուկ հիացմունքով, իսկ պետք եղած ժամանակ նաեւ օգնության ձեռք է մեկնել: Բավական է հիշել միայն այն, որ 2018 թվականին Արիանան հեծանիվով Թուրքիայի եւ Իրանի սահմանի միջով հասել է Հայաստան` անցնելով 1800 կմ: Կաոլին այդ ընթացքում միջոցներ է հավաքել «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար, որն էլ օգտագործվել են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ Կաոլին մարտի 15-ին իր անձնական մեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նաեւ մի քանի անգամ վիրահատության էր ենթարկվել: