Հս. Կորեայում հայտնել են, որ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել. rfi.fr

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար դեռևս հունվարին են փակել երկրի բոլոր սահմանները և բնակչության համար 40 օրով կարանտինային ռեժիմ սահմանել, որի շնորհիվ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք մինչև այժմ չի գրանցվել, գրում է rfi.fr կայքը։

«Մինչ օրս մեր երկրում ոչ ոք չի վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով»,-նշել է Հյուսիսային Կորեայի համաճարակային վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենը։

«Մենք այնպիսի գիտական և կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, ինչպիսիք են երկիր ժամանած բոլոր օտարերկրացիներին ստուգելը և կարանտին ռեժիմ տեղափոխելը, ներկրվող ապրանքների ամբողջական ախտահանումը, ինչպես նաև սահմանների փակումը և ծովային ու օդային փոխադրումների դադարեցումը»,- հավելել է պաշտոնյան:

Սահմանների փակվելուց հետո երկրում հավանական համաճարակի դեմ պայքարի համար հատուկ կենտրոն է ստեղծվել։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն նաև կորոնավիրուսի առկայությունը ստուգող անալիզներ հանձնելու արդյունավետ համակարգ է ստեղծել։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ ԱՀԿ-ն Covid-19-ի որևէ դեպք չի գրանցել: Սակայն շատ փորձագետներ նշում են, որ Հյուսիսային Կորեայի հարևան երկրներում կորոնավիրուսը շատ ակտիվորեն է տարածվում, ուստի՝ հնարավոր է, որ այստեղ կան վարակման դեպքեր, որոնք, սակայն, իշխանությունները թաքցնում են։

ԿԺԴՀ–ն առևտրաշրջանառության շուրջ 90%-ն իրականացնում է Չինաստանի տարածքով։ Նշվում է, Հյուսիսային Կորեան սահմանները հունվարի 30-ին է փակել, իսկ մինչև այդ Չինաստանից այդտեղ բավական շատ մարդիկ են գնացել և բեռներ տեղափոխվել։

Չնայած պատժամիջոցներին՝ ՄԱԿ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հանձնարարել է Հյուսիսային Կորեային թեստեր, դիմակներ և ախտահանող միջոցներ մատակարարել: Անցյալ շաբաթ օգնությունը Չինաստանի միջոցով հասել է Փհենյան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ օգնությունը տրամադրվել է ԿԺԴՀ առողջապահության նախարարության խնդրանքի համաձայն: