Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե անիմաստ պարգևավճարները չեն ցանկանում քչացնել, դրանք կարելի է փոխանցել թոշակառուներին։

«Եկեք դիտարկենք Ձեր առաջարկը: Դուք ասում եք, որ այն պարգևավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել են պաշտոնյաներին, այդ գումարը կարելի է հատկացնել թոշակառուներին: Եկեք հենց հիմա անենք կարևոր գործողություն. այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Ձեր առաջարկն իրականություն դարձնենք: Հայաստանում կա 503 հազար թոշակառու, եթե այդ 1 մլրդը հատկացնենք նրանց, տարեկան կտրվածքով թոշակառուին կհասնի 1988 դրամ, իսկ ամսվա դեպքում նրանց թոշակը ավելանա 165 դրամով: Փաստորեն Դուք շատ կարևոր բան եք համարում թոշակը 165 դրամով բարձրացնելը: Մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ձեր ակնկալածից 24 անգամ ավելի բարձրացրել ենք թոշակները»,- շեշտեց նա:

Վարչապետը նշեց, որ պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով՝ լուծել են կարևոր խնդիր՝ կարողացել են 2019 թվականի ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչև հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ ու նպաստ են բարձրացրել:

«Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությունով ցույց տվեցի, թե այդ շահարկման հետևում ինչ է գրված: Մենք պաշտոնյաների պարգևավճարների համար 2020-ին 1 մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020 թվականի պետբյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների ուսուցիչների աշխատավարձերի, նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն այս գումարի 1.4 տոկոսի չափով ենք պաշտոնյանների հետ կապված խնդիր լուծել և այդ 1.4 տոկոսի ներդրման արդյունքում ունեցել ենք 98,6 տոկոսի էֆեկտ»,- հայտարարեց նա: