Աշխարհի խոշորագույն առցանց ռիթեյլեր Amazon ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով ծրագրում է աշխատանքի ընդունել 100.000 մարդու, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցնել կողմնակի պատվերների առաքումը, որոնք նախատեսված չեմ ընկերության հաճախորդների համար։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով The Wall Street Journal-ին։
Անգլալեզու պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Amazon-ը մտադիր է աշխատակիցների թիվը կտրուկ ավելացնել օնլայն պատվերների կտրուկ աճի պատճառով, ինչը պայմանավորված է համավարակի շրջանակում խանութների աշխատանքի և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներով։
Համաձայն հրապարակման՝ ընկերությունը, որը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին, որոշել է ժամանակավորապես դադարեցնել մատուցվող այնպիսի ծառայություններն, ինչպիսին, օրինակ, Amazon Shipping-ն է։ Այս ծառայությամբ՝ Amazon-ի բեռնատարաները առաքումներ են իրականացնում նաև այլ ընկերությունների պատվիրատուների համար։