Ամերիկյան Tesla ընկերությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում արտադրության փակվելու հետևանքով կրճատումներ են սկսվել․ ընկերության մնացած աշխատակիցների աշխատավարձերը, ըստ ամենայնի, կնվազեն, գրում է Bloomberg գործակալությունը։
Փոխտնօրեններից սկսած՝ տնօրինության աշխատավարձը կնվազի 30, տնօրեններինը՝ 20, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 10 տոկոսով։ Այն աշխատակիցները, որոնք հիմնական առաջադրանքները չեն կատարում և չեն կարող տնից աշխատել, ժամանակավորապես չեն աշխատի, ինչը նշանակում է, որ աշխատավարձ չեն ստանա, սակայն կպահպանեն բժշկական ապահովագրությունը։ Ներկայում ընկերությունում աշխատում է մոտ 56 000 մարդ։
Ավելի վաղ ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ վարակի շուրջ ստեղծված իրարանցումը ավելորդ է։ Նրա կարծիքով՝ խուճապը շատ ավելի վտանգավոր է, քան հենց վարակի տարածումը։
Մասկը վստահ է, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվը «մոլորակի բնակչության 0,1 տոկոսը» չի գերազանցի։