Հարյուրավոր կապիկներ զբոսնել են Հնդկաստանի նախագահական պալատի շուրջ գտնվող փողոցներով՝ օգտվելով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանված կարանտինի առիթից, հաղորդում է AFP-ը:
Թափառող ընտանի եւ վայրի կենդանիները լցրել են դատարկությունը, սակայն նրանք եւս տանջվում են կարանտինի հետեւանքով:
«Նրանք թալանում են, սակայն նաեւ սպառնում մարդկանց»,-ասել է պալատի մուտքի մոտ հերթապահող սպաներից մեկը:
Կապիկները, որոնք հաճախակի մթերք են գողանում բնակիչների պայուսակներից, արդեն վաղուց դարձել են մայրաքաղաքի խնդիրներից մեկը: Դրանցից մի քանիսին հաջողվել էր անգամ ներխուժել գրասենյակներ կարանտինի ժամանակ:
Իսկ Հիմալայան սեւ արջն անցած շաբաթ Գանգթոկում մտել էր գրասենյակ եւ վիրավորել ինժեներին, հաղորդում են ԶԼՄ-ները: Հնդկաստանի Անտառային տնտեսության ծառայության աշխատակիցները կիսվել էին սոցիալական ցանցերում փղի մասին տեսանյութով, որը զբոսնում էր դատարկ փողոցներով՝ անցնելով փակ խանութների հարեւանությամբ:
Սակայն սահմանափակումները մահացու վտանգավոր են նաեւ որոշ կենդանիների համար:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների խոսքով՝ չորս ձի, որոնք սովորաբար տեղափոխում էին զբոսաշրջիկներին եւ լծված էին կառքերին, սատկել են սովից վերջին օրերին: Շուրջ 115 ձի թողնվել է բախտի քմահաճույքին: Սեփականատերերն ասում են, որ փող չունեն ձիերին կերակրելու համար:
Կովերն ու շներն ազատություն են ստացել ու հայթայթում են կեր աղբամաններում, սակայն անգամ այդ թափոններն են վերացել ռեստորանների եւ խանութների փակվելուց հետո:
Իսկ կենդանիների կացարանները փորձել են հնարավորինս կերակրել ինչպես իրենց, այնպես էլ փողոցում հայտնված կենդանիներին, սակայն լքված շներն ու ընտանի կենդանիները դարձել են «գլխավոր խնդիրը»: