ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն դոնորը, կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին կազմակերպության «սխալ կառավարման» պատճառով դարդարեցնում է ֆինանսավորումը, արժանացել է համաշխարհային առաջնորդների, ՄԱԿ-ի և Բիլ Գեյթսի քննադատությանը, գրում է Forbes-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ այժմ ԱՀԿ-ին կամ որևէ այլ հումանիտար կազմակերպության հատկացվող միջոցները կրճատելու ժամանակը չէ, քանի որ դրանք պայքար են մղում կորոնավիրուսի համավարակի դեմ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այսօր միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի, որպեսզի դադարեցնի վարակն ու դրա «ավերիչ հետևանքները»:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի բարեգործական հիմնադրամը ԱՀԿ-ի խոշորագույն կամավոր ֆինանսավորող ընկերություններից մեկն է, քննադատել է Թրամփի քայլը՝ այն որակելով «նույնքան վտանգավոր, որքան հնչում է»:
«Աշխարհն այժմ առավել քան երբևէ զգում է ԱՀԿ-ի կարիքը»,- ասել է նա:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Twitter-ում գրել է․ «Հիմա ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է իմանալ ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունն այն է, որ Դոնալդ Թրամփն արմատախիլ է արել իրեն փոխանցված ենթակառուցվածքը, որը պետք է ծրագրեր և հաղթահարեր համաճարակը, որը հանգեցնում է անհարկի մահացությունների և տնտեսական աղետի»։
Համաշխարհային առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել իր որոշումը: Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին կատարել իր պարտավորությունները, Գերմանիան և Նոր Զելանդիան միասնական լինելու կոչ են արել, իսկ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ԱՀԿ-ն ապահովագրված չէ քննադատությունից։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար: