Նյու Յորքի բնակիչները հայց են ներկայացրել ընդդեմ ԱՀԿ-ի՝ նրան մեղադրելով COVID-19 համավարակը թաքցնելու և անփութություն դրսևորելու մեջ

Նյու Յորքի արվարձանի բնակիչները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը դատի են տվել` նրան մեղադրելով Covid-19 համավարակը թաքցնելու և արձագանքման հարցում անփութություն դրսևորելու մեջ, գրում է The Guardian-ը։

Ինչպես նշվում է դատական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգում զետեղված մեղադրական եզրակացության մեջ, «դա կոլեկտիվ հայց է ընդդեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ ԱՀԿ-ի անփութության հետևանքով հայցվորների կրած էական վնասի համար, որը ժամանակին կորոնավիրուսը (COVID-19) չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ»:

Բացի այդ, հայցվորների կարծիքով՝  ԱՀԿ-ն չի կարողացել պատշաճ կերպով վերահսկել կորոնավիրուսի դեմ պայքարը Չինաստանում, Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում։

Հայցվորները ԱՀԿ-ին մեղադրում են համապատասխան որոշումներ կայացնելու անկարողության մեջ, ներառյալ՝ ինչպես արձագանքել կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակին, ուղևորությունների և առևտրի սահմանափակումներ և այլն։

«ԱՀԿ-ի անփույթ հանձնարարություններն ու բացթողումները վնաս են պատճառել հայցվորներին», – նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

ԱՄՆ-ի շրջանային դատարան հայց են ներկայացրել Ուեստչեստեր օկրուգի բնակիչներ (որտեղից սկսվել է համաճարակի բռնկումը Նյու Յորքում) Ռիչարդ Քլինգը, Սթիվ Ռոտերը, Ջենարո Պուրչիան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, նրա խոսքով, ժամանակին տեղեկություններ չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ճշմարտությունը չի հայտնել համաշխարհային հանրությանը: