Լավրովի խոսքերը նշանակում են, որ ՀՀ-ի համար գազի գնի դրական փոփոխություն չի սպասվում, ՀՀ և ՌԴ ղեկավարների չստացված հարաբերությունների պատճառներն էլ պետք է փնտրել Երևանում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում են, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխություն դրական իմաստով չի սպասվում, փաստացի՝ բանակցությունները տեղում են դոփում, թեպետ ես կասեի, որ դրանց, որպես այդպիսին, չկան։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այսօր արված հայտարարությանը, ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նույնիսկ էներգակիրների գների ներկայիս անկման պարագայում պայմանագրերով նախատեսված պարտավորությունները շարունակում են նույնը մնալ, այդ թվում՝ Բելառուսի և Հայաստանի համար:

«Չպետք է մոռանալ, որ գազի գնի հարցը ՌԴ-ի համար նախևառաջ քաղաքական գործիք է, ապա՝ տնտեսական, այսինքն՝ այն իրենց աշխարհաքաղաքական գլխավոր հաղթաթղթերից մեկն է։ Այս առումով՝ ՀՀ իշխանությունները չեն կարողացել այնպիսի համաձայնության գալ ՌԴ իշխանությունների հետ, որ կարողանան գազի գինը նվազեցնեն կամ կարողանան պահել նույն գինը»,-ասաց Թևանյանը։

Վերջինս նկատեց, որ ՀՀ իշխանությունները մշտապես շեշտում են, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի գնի սակագնի շուրջ, մինչդեռ ռուսական կողմը դրա մասին չի խոսում։

«Մենք անընդհատ լսում ենք, որ հայկական կողմն ինչ-որ նախաձեռնություններ է իրականացնում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ է գրում, հեռախոսազրույցի ժամանակ քննարկում են դրա մասին, սակայն ռուսական կողմը դրան ընդհանրապես չի անդրադառնում, իսկ հայկական կողմն ասում է՝ քննարկել ենք։ Քննարկելը դեռ որոշում կայացնել չէ։ Լավրովն այսօր ասաց, որ իրենց ունեցած գործիքակազմը չեն ցանկանում վերանայել ու եթե սրան զուգահեռ դիտարկենք՝ ինչ ասաց Լավրովն Արցախի մասով, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին ծանր կացության մեջ են հայտնվել և չեն կարողացել քաղաքական առումով կարգավորել հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ»։

Հարցին՝ հնարավոր է Հայաստանում ռուսական կազմակերպությունների նկատմամբ իշխանության իրականացրած քայլերի պատճառով է գազի գնի շուրջ ստեղծված այս իրավիճակը, Թևանյանը պատասխանեց՝ հայ-ռուսական հարաբերություններում կա անորոշության տարր, միմյանց հանդեպ կասկածներ:

«Պետության ղեկավարների հարաբերությունները չեն ստացվում և դրա պատճառները պետք է փնտրել Երևանում։ Այն գործողությունները, որոնք իրականացվեցին 2018թ․ հետո՝ կապված ռուսական կազմակերպությունների, ինչպես նաև հակառուսական քարոզչության հետ, հանգեցրել են նրան, որ ՌԴ–ն փորձում է իր գործիքակազմը կիրառել։ Դա չի բխում ո՛չ ՀՀ-ի, ո՛չ ՌԴ-ի շահերից»։

Մանրամասները՝ տեսանյութում։