Հանրային ՀԸ-ը ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով՝ հեռացրել է աշխատանքից. ուզում եմ ասել՝ տիկին Գրիգորյան և պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք. լրագրող

Հանրային Հեռուստաընկերության նախկին լրագող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի՝ Հանրային ՀԸ-ում աշխատանքը դադարեցնելուն: Նա մասնավորապես դիմել է վերոնշյալ անձանց՝ ասելով, որ ստացել են այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը: Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից: Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, բայց հիմա պատրաստվում եմ հերթով ներկայացնել տարբեր դրվագներ այս մարդկանց գործելաոճից:

Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. քաղաքական հետապնդում պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երևույթների դեմ: Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության մասին պատմող իմ ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, քանի որ կար քաղաքական նման հրահանգ: Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ: Այս մասին հետո կխոսեմ: Հիմա ուղղակի ուզում էի ասել, որ տիկին Գրիգորյան և պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռևս ամբողջովին մաքրված չէ: Պիտի հեռացվեն նաև բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»: