«Փաստ». Ի՞նչ կադրային փոփոխություններ կլինեն Արցախում

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս չի շտապում խոսել կադրային փոփոխություններից, որովհետև այդ թեման Արցախում շատ զգայուն է: Բանն այն է, որ այսօրվա կառավարման համակարգի մի շարք պաշտոնյաներ նրա թիմակիցներն են, և դժվար է կտրուկ փոփոխությունների գնալ, մյուս կողմից՝ ամեն նոր պաշտոնյայի նշանակումը Արցախում լայն քննարկման առարկա է դառնում:

Այնուամենայնիվ, այս պահին կառավարության ամենաանձեռնմխելի անձը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն է, որը, մեր աղբյուրի պնդմամբ, միանշանակ շարունակելու է պաշտոնավարումը:

Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնում կվերանշանակվի նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ, այնուհետև պետնախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է ֆինանսների նախարարի, իսկ դրանից առաջ երկար տարիներ ֆինանսների փոխնախարարի պաշտոնները. Մարտիրոսյանն Արցախում տեխնոկրատի համարում ունի և դուրս է քաղաքական պրոցեսներից:

Ամեն դեպքում՝ կառավարությունում նվազագույնը 3-4 փոփոխություն կլինի, շատ բան կախված է քաղաքական կոնսուլտացիաների ընթացքից, որով պայմանավորված՝ փոփոխությունների թիվը կարող է աճել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։