Այսօր Աշխատանքի պահպանության միջազգային օրն է

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի պահպանության միջազգային օր կամ Աշխատավայրում անվտանգության եւ առողջության միջազգային օր՝ այն նպատակով, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի գոյություն ունեցող խնդիրների չափերի վրա, ինչպես նաեւ այն հարցի վրա, թե աշխատանքի պահպանության մշակույթի ստեղծումն ու առաջընթացն ինչպես կարող է նպաստել աշխատավայրերում ամեն տարի արձանագրվող մահացության նվազմանը:

Առաջին անգամ օրը նշվել է 2003 թվականին: Աշխատանքի պահպանության միջազգային օր անցկացնելու գաղափարը սկիզբ է առնում Մահացած աշխատողների հիշատակի օրից, որն առաջին անգամ  1989 թվականին նշել են ամերիկացի եւ կանադացի աշխատավորները՝ ի հիշատակ աշխատավայրերում տուժած կամ մահացած աշխատողների:

Այսօր արդեն ավելի քան 100 երկրներում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում՝ ուղղված աշխատավայրերում գոյություն ունեցող խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն: Դրանք, որպես կանոն, կազմակերպվում են տեղական իշխանությունների ուժերի, պրոֆմիությունների, գործատուների կազմակերպությունների եւ աշխատանքի պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից: