ԵՄ-ն 375 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար

Եվրամիությունը 375 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար, հայտնել է եվրոպական զբոսաշրջային հանձնաժողովի (ETC) գործադիր տնօրեն Էդուարդո Սանտանդերը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ պորտուգալական Lusa լրատվական գործակալությանը հղումով։

Սանտանդերը պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ԵՄ-ում զբոսաշրջությունը կրճատվել է նախկին ծավալի մոտ 10 տոկոսի չափով, տուժել է նաև զբոսաշրջության հետ կապված արդյունաբերությունը։

Սանտանդերի գնահատմամբ՝ ամենից շատ կտուժեն Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի տուրիստական ոլորտները:

Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հսկայական գործազրկություն կստեղծի Եվրամիության երկրներում, քանի որ եթե սահմանափակումները շարունակվեն ևս մի քանի ամիս, դա կհանգեցնի  մինչև 10 միլիոն աշխատատեղի կորստի:

Եվրոպական տուրիստական հանձնաժողովը միավորում է Եվրամիության երկրների 33 ազգային տուրիստական վարչություններին։