Facebook սոցցանցի նոր օգտատերերի թիվը կորոնավիրուսի համավարակի ժամանակ սովորականից արագ է աճում

Facebook սոցցանցի նոր օգտատերերի թիվը կորոնավիրուսային համավարակի ժամանակ սովորականից արագ է աճում, իսկ 2020 թվականի առաջին եռամսյակում շրջանառությունը, տարվա կտրվածքով, ավելացել է 18 տոկոսով եւ հասել 17,7 միլիարդ դոլարի: 2020 թվականի առաջին եռամսյակում շահույթը կազմել է 4,9 միլիարդ դոլար, ասվում է եռամսյակի ֆինանսական հաշվետվության մեջ։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, եթե նախկինում մեկ եռամսյակում ավելանում էր սոցիալական ցանցի մոտ 50 միլիոն օգտատեր, ապա 2020 թվականի առաջին երեք ամիսներին ակտիվ օգտատերերերի թիվը աճել է 100 միլիոնով եւ հասել 2.6 միլիարդ մարդու, հայտնում է DW-ն:

Բացի այդ, ընկերությունում հայտարարում են ապրիլի առաջին շաբաթներին գովազդային եկամուտների կայունացման նշանների մասին, չնայած այն բանին, որ մարտին նկատվել է դրանց նվազում: Արդյունքում, բորսայական սակարկություններում ընկերության բաժնետոմսերը մոտ 10 տոկոս աճ են ցույց տվել:

Միաժամանակ, ընկերությունում «COVID-19 համավարակի ազդեցության» հետեւանքով զգալի վնասներ կրելու մտավախություն կա: «Մեր գործնական հեռանկարում մենք բախվում ենք աննախադեպ անորոշության ժամանակաշրջանի հետ»,- ընդգծվում է զեկույցում: Երկրորդ եռամսյակի համար ընկերությունը կանխատեսումներ չի արել:

Համաճարակի եւ դրա տնտեսական հետեւանքների պատճառով ճգնաժամը կարող է լինել շատ ավելի երկարաժամկետ, քան շատերը հիմա սպասում են, կարծում է ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Նա առաջին եռամսյակում շահույթի ստացումը կապում է այն փաստի հետ, որ Facebook-ի գովազդային բիզնեսը ճգնաժամից տուժել է միայն այս ժամանակահատվածի վերջում: Facebook-ը շահույթ է ստանում համարյա բացառապես գովազդի միջոցով: Միաժամանակ, Facebook-ի ղեկավարը նախազգուշացրել է, որ սահմանափակող միջոցների վաղաժամ թուլացումը եւ վերացումը կարող են հանգեցնել նոր բռնկման: