ԶԼՄ-ների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար. Արդարադատության նախարարի հրամանով հաստատվել է հայտի լրացման ձևը

Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադառության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք:

Այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելը և Հանրապետության տարածքում տեղաշարժման իրավունքի առկա սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ մինչև արտակարգ դրության ավարտը նշված հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ հայտը և կից փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: