Ինչի?ց են դժգոհում ՀՀ քաղաքացիները.պարզաբանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը

Կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման  ծրագրերը բազմաթիվ դժգոհությունների տեղիք են տալիս: Քաղաքացիները դժգոհում են, որ աջակցություն ստացողների մեջ կան այնպիսիները, որոնց տվյալները չեն համապատասխանում առաջադրված նորմերին: Նույնիսկ կան շահառուներ, որոնք մի քանի ծրագրից են օգտվում: Փորձեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ:

-Մենք փորձում ենք աջակցության ծրագրով հնարավորինս շատ թիրախների հասնել, բայց դժգոհությունները շատ են այն իմաստով, որ դրանք ուղղված են հատկապես այն մարդկանց, որոնք մեր ծրագրի շահառու նախկինում երբևէ չեն եղել: Այսինքն, մենք այսօր ամբողջությամբ նոր աշխատանք ենք իրականացնում, նոր տվյալներ ենք հավաքագրում: Օրինակ՝ ՔԿԱԳ-ից, բնակչության պետական ռեգիստրից: Այդ իմաստով տեխնիկական աշխատանքները բավականին ծավալուն են և դժվար, որովհետև  տվյալները էլեկտրոնային չեն, թվայնացված չեն, շատ դեպքերում քաղաքացիներն են սխալ լրացնում: Բավականին մեծ թիվ ունենք դիմումների, որոնք մերժվում են: Նախարարությունը երբևէ չի ունեցել այդ տվյալները, այսինքն մենք հիմա անում ենք մի աշխատանք, որ տարիների ընթացքում է արվել: Օրինակ, ՔԿԱԳ-ը 2014 թվականից հետո ծնված երեխաների տվյալները ուներ թվայնացված: Պետք է ասեմ, որ բազմաթիվ աշխատակիցներ, օրեր շարունակ  փակ դռների հետևում   այդ  աշխատանքն են իրականացնում և այս իմաստով կարծում եմ  բավականին դժվար է: Դժգոհություն հարուցող մյուս խնդիրը ես համարում եմ այն,  որ քաղաքացիները իրենց մասին բավարար փաստաթղթեր չեն ամրագրել: Դա կարող է վերաբերել աշխատանքին, ամուսնական հարաբերություններին, ընտանեկան կարգավիճակին, կարող է վերաբերել բնակության հասցեում հաշվառվելուն: Ցանկացած ոչ ճիշտ ամրագրում հանգեցնում է տեխնիկական խնդիրների:

Քաղաքացու դժգոհությունը կայանում է նրանում որ նա մտածում է, թե ինքը ծրագրի շահառու է, բայց չի կարողանում ընդգրկվել: Հետո փաստը այլ բան է ցույց տալիս: Օրինակ, որ քաղաքացին անհատ ձեռներեց է, կամ  գրանցված է որևէ կազմակերպությունում: Անգամ ընտանեկան նպաստ ստացողը  անարդար է համարում, որ ինքը ընդգրկված չէ սոցիալական աջակցության ծրագրերում:

Հայկանուշ Գրիգորյան