Ամուլսարի քաղաքականացող կողմը

 

Ամուլսարի՝ ժամ առ ժամ շիկացող իրավիճակը և այս ուղղությամբ Կառավարության ու խորհրդարանականների քար լռությունը տարակարծությունների տեղիք են տալիս: Եվ որքան երկարում է այդ լռությունը, այնքան նրա քաղաքական երանգներն ավելի են խտանում ու ակնհայտ են դառնում: Ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված Կառավարության այս կրավորական կեցվածքը մի հարցում, որը, թվում էր, հետհեղափոխական Հայաստանում վաղուց պետք է իր լուծումը ստացած լիներ հօգուտ ՀՀ քաղաքացու: Մյուս կողմից էլ այդ «ձեռքերը լվացած» վիճակը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարցում(խմելու ջրի ռեսուրսների տեսանկյունից) տարակարծության ևս մեկ աղբյուր է. արդյո՞ք դա նշանակում է, որ Կառավարության ներքին համակրանքը, այնուամենայնիվ, «Լիդիանի» կողմն է, թե՞ իսկապես Կառավարությունը չգիտի՝ ինչ անել… Մանավանդ որ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմամբ. «Ամուլսարում խաղասեղանին դրված է ոչ միայն տարածքի բնապահպանական վիճակը, այլև շատ ավելին, ընդհուպ թավշյա հեղափոխությունն ու ինչու ոչ՝ նաև իշխանությունը»։

Նկատենք, որ Ամուլսարի շուրջ լարվածության թեժացումը շատ հետաքրքիր կերպով զուգադիպեց Շրջակա միջավայրի նախարարի՝ շուրջ երկուսուկես ամիս թափուր պաշտոնը Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստանձնելու հանգամանքի հետ: Որոշակի դիտանկյունից կարելի է մտածել, որ իշխող կուսակցությունը Ռոմանոս Պետրոսյանին «գործուղում»  է հատկապես այն ոլորտներ, որոնք կառավարման տեսանկյունից առանցքային դժվարություններ են առաջացնում՝ Կոտայքի մարզը՝ Գագիկ Ծառուկյանով, իսկ այժմ էլ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Ամուլսարով: Ստացվում է, որ Կառավարությունը շուրջ երկուսուկես ամիս հարմար թեկնածու էր որոնում, և վերջապես ընտրությունը կանգ առավ Ռոմանոս Պետրոսյանի վրա: Բայց արդյո՞ք Ռոմանոս Պետրոսյանը գիտի՝ ինչ անել: Առայժմ նրա տեսակետն այս հարցում նույնական է Կառավարության տեսակետին. «Ամուլսարը չպետքէ շահագործվի, եթե ռիսկերի կառավարման երաշխիքներ չլինեն»: Արդյո՞ք այս հայտարարությունը ևս նույն «ներքին համակրանքի» տրամաբանության մեջ է, թե՞ «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տաղավարների ապամոնտաժման տրամաբանության: Եվ արդյոք «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տաղավարների ապամոնտաժումը Ամուլսարի հարցով «Լիդիանին» սպասվող հեռանկարի միկրոսխեման չէ՞: Այնուամենայնիվ զարգացումների այս համապատկերում ուշագրավ է նաև Շրջակա միջավայրի նախարարի ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար կազմի հանդիպումը, և նախարարի դիտարկումը. «Մեր գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում»։

Եվ վերջապես, արդյոք այդ միջամտություններն ու ձեռնակումները խոշոր հաշվով արդեն իսկ քաղաքականացված չեն:

Հայկանուշ Գրիգորյան