Անօրինական գործերը ջրի երեսին՝ նաև անձնակա՞ն դրդապատճառներով

Տևական ժամանակ է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի համայնքապետարանում ստուգումներ են: Ղազարավանի գյուղապետ Հայկ Ասատրյանը, որը 2011 թվականից ղեկավարում է համայնքը, մեր տեղեկություններով՝ մի քանի ամիս է, լարված սպասում է ստուգումների ավարտին: Նկատենք, որ Հայկ Ասատրյանի նախորդը՝ գյուղապետի պաշտոնում,  եղել է իր հայրը՝ կարկառուն հանրապետական,որն էլ իր հերթին տաս տարուց ավել կառավարել է գյուղը: Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է անդրադարձել այն փաստին, որ գյուղապետի պաշտոնը ժառանգաբար անցել է հորից որդուն, իսկ դպրոցի տնօրենի աթոռը սկեսուրից՝ հարսին՝ Հայկ Ասատրյանի կնոջը:

Անդրադառնալով գյուղում կատարվող ստուգումներին, մեր հավաստի աղբյուրը պնդում է, որ ստուգումները այլ դրդապատճառներ ունեն: Արագածոտնի մարզպետը իրեն դուր  չեկած գյուղապետերի անօրինական գործերը սկսել է ջրի երես հանել: Ի դեպ, մարզպետ Դավիթ Գևորգյանը իր բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հյուրերին պատիվ էր տալիս Ղազարավանի գյուղապետին պատկանող ռեստորանում: Վերջինս մարզպետի հակակրանքին արժանացել է այն բանից հետո, երբ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, որը Դավիթ Գևորգյանի մտերիմն է, մերժել է  վաճառել Աշտարակի կենտրոնում գտնվող իր սեփական բիլիարդանոցը: Չար լեզուներն ասում են, որ բիլիարդանոցի վրա աչք է ունեցել ոչ միայն Աշտարակի քաղաքապետը,այլ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Երբ վերջինիս չի հաջողվել ձեռք  գցել գյուղապետին պատկանող բիլիարդանոցը, մոռանալով ռեստորանում իր անվճար կերուխումների մասին, իրավապահներին ցույց է տվել Ղազարավանի տեղը: Իսկ այստեղ ցանկության դեպքում շատ բան կարելի է ջրի երես հանել՝սկսած հողերի անօրինական վաճառքից վերջացրած ազգուտակին համայնքապետարանում աշխատանք տալով: