Քաղաքապետարանում է?լ են սադրում

Երևանի ավագանու  տարեվերջյան  նիստը տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցած հերթական նիստերից: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները իրենց ելույթների վերջում արձանագրում էին, որ պատրաստվում են միանալ հրապարակում մեկնարկած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիային: Նիստի ընդմիջմանը, երբ իրենց հայտարարության համաձայն ավագանու ԲՀԿ-ական անդամները հեռանում էին քաղաքապետարանի շենքից, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին հաջողվեց սադրել նրանց: Վերջինիս հայհոյախառն լեքսիկոնը, մեղմ ասած, զայրացրեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին և նա աշխատակցից բացատրություն պահանջեց  նման պահվածքի համար: Վերջինս ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև քաշքշեց Մանրիկյանին: ԲՀԿ խմբակցության անդամները միջամտեցին և ծեծկռտուքի վերածվող վիճաբանությունը դադարեց: Լրագրողներին  պարզաբանելով կատարվածը Միքայել Մանրիկյանը նշեց . ուղղակի իրեն թույլ չի տալիս բարձրաձայնել, թե քաղաքապետարանի աշխատակիցը ինչ հայհոյախառն բառեր է օգտագործել,տեսնելով, որ իրենց խմբակցությունը գնում է մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիային: <Փորձում են ընդդիմությանը սադրել՝ արջի ծառայություն մատուցելով նոր տերերին, բայց դա տարբեր իշխանությունների մանկլավիկներին չի հաջողվի, չի հաջողվի նաև իշխանություններին, որովհետև մեր պահանջն արդար է>, եզրակացրեց Միքայել Մանրիկյանը: