<<Արաբկիր>> ԲԿ-ում հանցավոր անփութություն է, թե՞ վիրուսը տարածելու միտումնավոր գործընթաց

Երբ քաղաքացին կորոնավիրուսի արագ թեստի համար դիմեց «Արաբկիր» մանկական հիվանդանոց, որտեղ գործում է արագ թեստի լաբորատորիա, անակնկալի եկավ՝ դեռ թեստը չհանձնած։ Նախ ոստիկանն ուղղորդեց՝ գլխավոր մուտքով։ Գլխավոր մուտքից ներս էլ ուղղորդեցին՝ մոտեցեք լաբորատորիա… Պարզվեց՝ խոսքն ընդհանուր լաբորատորիայի մասին է։ «Իսկ լաբորատորիայում՝ լիքը հերթ՝ երեխաներ, նորածիններ ու նրանց մայրեր»,- պատմում է քաղաքացին։ Ու մինչ նա՝ զարմացած, անակնկալի եկած, փորձում էր հասկանալ, թե ինչու կորոնավիրուսի լաբորատորիան առանձնացված չէ, թեստը հանձնելուց հետո ավելի պիտի զարմանար. բուժքույրը իր պատասխանատվությունը համարեց ուղղորդել՝ «նստեք այստեղ (լաբորատորիայում իրենց հերթին սպասող մայրերի ու երեխաների կողքին) և սպասեք 20 րոպե»։ «Այստե՞ղ»,- զարմանքը զսպել չկարողացավ քաղաքացին։ «Այո, երկար չի տևի»,-հետևեց պատասխանը։ Ամեն դեպքում քաղաքացին հարկ համարեց սպասել դրսում, իսկ երբ թեստի դրական պատասխան ստացավ, փորձում էր հիշել, թե քանի հոգու կողքով է անցել և արդյոք դիմակը չի հանել թեկուզ մի պահ… Իսկ մինչ Առողջապահության նախարարությունն ամեն օր վստահեցնում է, թե ձեռնարկվում են կորոնավիրուսի հաղթահարման բոլոր միջոցառումները, այցելուների մոտ ակամա հարց է առաջանում՝ հանցավոր անփութությո՞ւն բուժհաստատության կողմից, թե՞ վիրուսը տարածելու միտումնավոր գործընթաց… Իսկ հետազոտության ճիշտ արդյունքները այս համատեքստում կարելի է նաև կասկածի տակ առնել…

Լիլիթ Ավետիսյան