Կոչումով Բժիշկ, ում համար աշխատանքը անմնացորդ նվիրում է

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրոււմի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: <<Մուրացան>> համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր, Բ.Գ.Դ. Ելենա Աղաջանովան կոչումով բժիշկ է, իր գործի անմնացորդ նվիրյալը, ում հավատում ու վստահում են նրան դիմող բոլոր բուժառուները: Ի դեպ, վաստակաշատ բժշկուհին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչն է և իր փորձն ու գիտելիքները սիրով ու մանկավարժական հատուկ հմտությամբ է հաղորդում ապագա բժիշկներին: Փորձառու բժշկի ու գիտնականի դերը մանկական էնդոկրին հիվանդությունների բուժման գործում անուրանալի է նաև որպես Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու: Հատկանշական է, որ բժշկի մասնագիտության հանդեպ սերը նրան փոխանցվել է հորից՝ Միխայիլ Աղաջանովից, իսկ տարիների աշխատանքն ու փորձառությունը ներդաշնակվել են բժշկուհու մարդկային արժանիքների հետ: Ելենա Աղաջանովայի հետ յուրաքանչյուր հանդիպումը հերթական անգամ հաստատում է, որ ընտրելով բժշկի մասնագիտությունը՝ նա, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, փորձն ու գիտելիքներն ի սպաս է դրել մարդկանց առողջության պահպանման կարևորագույն գործին: Իսկ նրան ուղղված երախտիքի խոսքերն ամբողջացնում են կոչումով բժշկի կերպարը: Դժվար է գերագնահատել նրա երախտիքը և  որպես մայր՝ դիմելով նրան ցանկանում եմ ասել. Սիրելի Բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով վաղուց եք փաստել , որ Ձեզ համար հոգնությունն ու ժամանակը փաստարկներ չեն ձեր մարդասիրական առաքելության իրականացման ճանապարհին։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք, որ մենք, ի դեմս ձեզ, ունենք այսպիսի հմուտ ու փորձառու մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Մելանյա Ավետիսյան