Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։

Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը դինամիկ զարգանում է, տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր։ Համոզված եմ, որ կառավարությունների միջև ակտիվ աշխատանքը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար։

Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին: Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ»,-նշված է ուղերձում: