Շուշիից Ստեփանակերտ, կամ մի նկարի պատմություն

Գեղանկարիչ Սևադա Սարգսյանը յոթ ամիս շարունակ համոզված էր, որ իր՝ տարիներ առաջ Շուշիի կերպարվեստի թանգարանին նվիրած «Հաղթական առավոտ» կտավը գերության մեջ է: Բարձրաձայնել հարմար չէր գտնում զոհվածների, անհետ կորածների ու գերության մեջ գտնվողների համապատկերում: Սակայն…
Օրերս, երբ Ստեփանակերտի պատկերասրահի ՖԲ էջում հանդիպեց մի լուսանկարի, անակնկալից ու զարմանքից մի պահ կարկամեց, ապա.
-Իմ նկա՜րը…
Ինչպե՞ս… Ինչպե՞ս էր հայտնվել Ստեփանակերտում, ի՞նչ հրաշքով էր փրկվել…
Սևադա Սարգսյան.Հաղթական առավոտ 70×80 կտ.յուղ.
Շուշիի կերպարվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանի օգնությամբ պարզվեց, որ նկարը թանգարանի մի քանի այլ նմուշների հետ մինչև պատերազմի սկսվելը ժամանակավոր ցուցադրության էր ներկայացվել Ստեփանակերտի պատկերասրահում, և այդպես էլ մնացել էր: Այսքան չսպասված, բայց ցանկալի հանդիպումը հեղինակի համար մի տեսակ համոզմունք է դարձել, որ մի հաղթական առավոտ էլի կբացվի Շուշիի համար, և նկարը կվերադառնա իր տեղը:
Լիլիթ Ավետիսյան