«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը: «Փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը: Պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական գործընթացներով ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը:
Պահանջում էինք, որպեսզի դատարանը կանխեր այս խախտումները, կիրառեր միջանկյալ միջոց այս տրամաբանությամբ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չտրամադրելն ի վերջո հանգեցնելու են 2-րդ հոդվածի խախտման: Դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին:
Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»,- նախօրեին հայտարարել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Ինչո՞ւ ստացանք մերժում: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանի հետ:
«Ես ուշադրությամբ հետեւեցի ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին, թե ինչ խնդրանքով է հայկական կողմը դիմել ՄԻԵԴ-ին՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն չկար պարզաբանում, թե ինչ հիմնավորմամբ է մերժել ՄԻԵԴ-ը մեր դիմումը, մինչդեռ դա կարեւորագույն հարցն է: Արդյոք մեր ապացույցները անբավարա՞ր են եղել, հիմնավորումները՝ թույլ:
Կհիշեք՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2019թ-ին էլ այս կառավարությունը չկարողացավ հիմնավորել, որ ականջները կտրված հայի ընտանիքը խոշտանգվել է: Այսինքն՝ այս իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում: Կարծում եմ, որ եթե այս թերացումը շարունակվի գերիների մայր գործի քննության ժամանակ եւս դրսեւորվել, մենք ընդհանրապես ապագայում իսպառ կորցնելու ենք մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության շանսերը:
Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։