Հետևողական աշխատանք, թե՞ հերթական շոու

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Այսօր կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քանդվել ու գետնին էին հավասարեցվել Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կառուցված տասնյակ ապօրինի շինություններ:

Երևանի ավագանու <<Լույս>> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք, արդո՞  ք իրավապահների կողմից իրականացման քանդման աշխատանքները քաղաքապետարանի հերթական շոուն չէր, ինչին ի պատասխան Խաժակյանը նշեց.<<Որպեսզի հասկանանք, դա շոու է, թե չէ, պետք է նայենք դրա հետևողականությանը և  հավասար կիրառմանը; Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս գործողությունները իրականացնելուց հետո,  կանգ առնել պետք չէ և բոլոր ապօրինի հողազավթումներով շինությունները, որոնք ենթակա չեն օրինականացման, պետք է քանդվեն և համայնքային տարածքները ազատվեն դրանցից>>:

Մեր այն դիտարկմանը, որ թեկուզև ինքնակամ, բայց այդ կառույցների վրա մարդիկ հսկայական գումարներ էին ծախսել, իսկ պատկան մարմինները  պետք է զգոն լինեին ու ժամանակին արգելեին կառուցապատումը, <<Լույս>> խմբակցության ղեկավարը պատասխանեց.<<Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որոնք կատարվել են համայնքային հողի վրա կանաչ տարածքների և  մայթերի հաշվին: Իսկ թե այդ ընթացքում ինչ ծախսեր է արել որևէ մեկը, եթե հողազավթումով ապօրինություն է գործել, ապա պետք է տարածքը ազատվի: Կամ սեփական նախաձեռնությամբ՝ իր գույքի պահպանմամբ, կամ համայնքի կողմից քանդվելով>>:

Անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից նորաոճ վերելակների տեղադրման մասին հնչողդժգոհություններին, Խաժակյանը ընդգծեց.<<Ես միշտ էլ ասել եմ, որ նոր  վերելակները առանց դրանց սպասարկման պատշաճ համակարգի գործել չեն կարող և քանի դեռ չի իրականացել համատիրությունների բարեփոխումը, այս  հարցը այդպես էլ կմնա չլուծված>>…

Լիլիթ Ավետիսյան