Կենտրոնի երեխաները զրկված են խաղահրապարակներից,իսկ քաղաքի ղեկավարությունը դեռ տեղյակ չէ այդ մասին

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Երևանի ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով Երևանի համայնքային բյուջեից կհատկացվի 8 միլիոն 622 հազար դրամ: 3 միլիոն դրամ էլ կտրամադրվի Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:

Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանից Blic.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք տեղյակ են, որ Կենտրոն վարչական շրջանում երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ չկան: Ի պատասխան փոխքաղաքապետը նախ հետաքրքրվեց, թե կոնկրետ, որ բակերում չկան խաղահրապարակներ, հետո հայտարարեց, որ «օրինակ Նալբանդյան փողոցում գտնվող НВД –ի դիմացի բակում կա: «Անի» հյուրանոցի հետևի բակում էլի կա խաղահրապարակ: Ես համենայնդեպս մեծ սիրով շրջայց կանեմ, որ հասկանամ» ,-իր խոսքը եզրափակեց Սերգեյ Ներսիսյանը: Սակայն նա չհիմնավորեց, թե ինչու հենց համայնքային բյուջեից պետք է հատկացվեն այդ գումարները, եթե Երևանի տարբեր համայնքներում, մասնավորապես Կենտրոնում երեխաները զրկված են ամենասովորական խաղահրապարակներ ունենալու հնարավորությունից։

Խրախուսելի է, իհարկե, սահմանամերձ դարձած համայնքներին ձեռք մեկնելու ցանկացած նախաձեռնություն, սակայն ինչով են մեղավոր Երևանաբնակ երեխաները, եթե նկատի ունենանք, թե որքան գումարներ են «հատկացվում» հաճախ ոչինչ չասող նպատակների։ Եվ մանավանդ, որ խաղահրապարակներ ունենալու երեխաների իրավունքը ոչ այնքան գումարների հետ է կապված, որքան պարտականությունների գիտակցման։

Հայկանուշ Գրիգորյան