Կբարձրանա՞ արդյոք պատգամավորական ՕԳԳ-ը 250000-ով

Փաստորեն ամսական 50.000 դրամը չէր բավականացնում պատգամավորներին՝ ընտրողների հետ հանդիպելու և նրանց խնդիրներին իրազեկվելու համար։ Եվ հենց դա էր խանգարում, որ հայրենի օրենսդիրներն արդյունավետ ու ճիշտ աշխատեին։ Փաստորեն անհրաժեշտ էր այդ գումարը առնվազն հնգապատկել, որպեսզի Ազգային ժողովում հաճախ ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկած, ոչ մի խնդիր չբարձրաձայնած պատգամավորներն սկսեն աշխատել։ Եվ չնայած բուռն քննարկումներին, ԱԺ-ում ոչ իշխանական, ոչ էլ ոչ իշխանական շրջանակներից չեղավ գոնե մեկ պատգամավոր, որ դեմ, կամ գոնե ձեռնպահ լիներ այդ նախագծին։ Փաստորեն հենց նույն օրը, երբ Ալիեվը Ադրբեջանում բնակարաններով ու ավտոմեքենաներով էր պարգևատրում 44-օրյա պատերազմին մասնակցած իր հայրենակիցների ընտանիքներին, հայ պատգամավորները համընդհանուր հուսալքման ֆոնին կարողացան միայն սեփական պարտականությունները կատարելու ծախսերին հատկացվող գումարն հնգապատկել։ Բնականաբար հարց է հասունանում. արդյո՞ք դա բավարար հիմք է, որպեսզի նրանք փորձեն եթե ոչ հնգապատկել, ապա գոնե կրկնապատկել ու եռապատկել սեփական պաշտոնեական գործունեության օգտակար գործողության գործակիցը, արդյո՞ք 250000-ը բավարար է պատգամավորներին, որպեսզի ընտրողները ոչ թե պատգամավորների հետ հանդիպման պատճառներ ունենան, այլ գոնե չփոշմանեն սեփական քվեն քաղաքական այս կամ այն ուժին տալու համար։ Եվ վերջապես, հենց պատգամավորածա՞խսն էր պակասում, որ պատգամավորներն սկսեն կատարել սեփական պարտականությունները։

Հայկանուշ Գրիգորյան