Կեղծ մարդասիրություն մի ակնկալեք մեզնից ձեր վառված կովերի ու կրիաների համար…

Լրագրող Հայկանուշ Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել.
… Չէ, գոնե հիմա մի խոսեք մարդասիրությունից, որովհետև կեղծ ու սին են հնչում ձեր խոսքերը։ Որովհետև այս նկարը հորինված կադր չէ, որովհետև սա լուսանկարել են մարդիկ, ովքեր տեսել են վերևից իջնող ֆոսֆորի անձրևն իրենց վրա … ու անտառների վրա, որոնցում երեխաներ կային, վայրենի սպանդից մազապուրծ խաղաղ բնակիչներ։ Ասե՞մ ինչու են արել. որ չպղծեք…
Ու թե խոսեք, հիշեք նաև, որ ազգովի հուսակտուր մեզ աջուձախ էինք նետում, քոմենթներ գրում ՄԱԿ-ի, միջազգային այլ կազմակերպությունների ՖԲ ու թվիթերյան էջերում, մեյլեր ու ստորագրություններ ուղարկում միջազգային հեղինակավորներին՝ հավատով, թե 21-րդ դարում հումանիզմը և իրավունքն են ուղղորդում առաջադեմ հասարակություններին… Բայց եղավ այն, ինչ եղավ. այդ կրկնված սցենարի մեջ միակ հումանիստը մենք էինք, միակ զոհաբերվողը մենք էինք՝ որպես զոհաբերության արժանի տեսակ.… որովհետև մեղավորները չեն կարող զոհաբերվել։ Այդ կրկնված սցենարի մեջ ամենահիմարը մենք էինք՝ մեր հավատով իրավունքի ու 21-րդ դարի՝ միայն հռչակագրերով հռչակված արժեքների նկատմամբ։
…Եթե չդավաճանեին, եթե չհանձնեին, եթե չստորագրեր… սուտ է ամեն ինչ ու հնացած։ Հիմա ինչ էլ հորինի աշխարհը, վաղն ի՞նչ է պատմելու ինքն իրեն. խոստովանելու՞ է, որ իր հորինած բարձր արժեքներին ինքը չհավատաց, իսկ ով հավատաց, զոհաբերվեց։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ բոլոր հակամարդկային հանցանքների համար պարգևատրեցին, միջազգային դատարան չկանչեցին…
…Ու միայն Երկնավորը չմոռացավ երկնային պատժի մասին…
…Ու հիմա կեղծ մարդասիրություն մի ակնկալեք մեզնից ձեր վառված կովերի ու կրիաների համար, որովհետև մեր ականջները խլացել են մեր իսկ ողբից, և մեր աչքերը մղկտում են մեր իսկ ցավից, որ դուք եք պատճառել…
Լուսանկարը՝ Սևադա Սարգսյանի