Որ վերածնվի հույսն ու ապագայի հանդեպ հավատը

44-օրյա պատերազմը շատ ճակատագրեր խաթարեց։ Վերահաս արհավիրքից հարազատներին կորցրած մանուկներն ու դեռահասները մեկեն հասունացան: Նրանց վիշտը փոքր ինչ փարատելու, պատերազմի դաժան հիշողությունը հնարավորինս մեղմելու նպատակով «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամը եւ Լեհաստանում «Հայկական հիմնադրամը» Լեհաստանի Պաշտպանության նախարարության ու Ազգային ժողովի գործուն աջակցությամբ նախաձեռնել էին հուլիսի 19-ին Շիրակի մարզի 20 երեխաների երկշաբաթյա այցը Լեհաստան հատուկ չվերթով։
Ծրագրի շրջանակներում երեխաներն այցելել էին Լեհաստանի բազմաթիվ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ունեցել լեհ գործիչների հետ:
Շրջագայությունը սկսվելով Էլբլագ քաղաքից՝ այնուհետև երեխաներն անցել են Միկոշեվո, Գդանսկ, Մալբորգ, Գդինիա, մայրաքաղաք Վարշավա, Չեստոհովա և Կրակով քաղաքներով։
Յուրաքանչյուր քաղաքում նրանց այցելել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ նախապես պատրաստված հետաքրքիր նվերներով ու անակնկալներով։
Երեխաները եղել են նաև Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը, որտեղ նրանց ընդունել է արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը:

Իսկ Լեհաստանի Հանրապետության Սեյմում խմբին հանդիսավոր արարողությամբ դիմավորել է Սեյմի փոխնախագահ տիկին Մալգոժատա Գոշեվսկան։ Նա ողջունել է երեխաներին, ցույց տվել իր աշխատասենյակը, իսկ խորհրդակցությունների սենյակում նրանց նվերներ է հանձնել:
Հերոսի մահով ընկած հրամանատար Միքայել Աթոյանի դուստրը, ի պատասխան, Մալգոժատա Գոշեվսկային է նվիրել «Պահիր-պահպանիր» հայատառ գրությամբ իր մատանին։ Անակնկալ նվերը անչափ հուզել է Սեյմի փոխնախագահին: Նա Անյուտային խոստացել է կրել ու հավերժ պահպանել սրտագին նվերը, քանի որ այն ողջ կյանքում հիշեցնելու է խորհրդանշական հանդիպման մասին։ Նա հավաստիացրել է, որ մատանին իր պահապանն է լինելու:
Ծրագրի շրջանակներում երեխաների համար կազմակերպվել են նաև մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ, մրցույթներ, խաղեր, արշավներ, ինչպես նաև ծովափնյա հանգիստ։
Այս կարևոր ծրագրի իրականացման համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, Զվարթնոց օդանավակայանի աշխատակազմին և բոլոր այն անձանց, որոնք աջակցել են նախաձեռնության իրականացմանը:
Ծրագրին մասնակցած երեխաների հարազատները իրենց հերթին երախտիքի խոսք են հղում «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամին, Լեհաստանում «Հայկական հիմնադրամի»-ն , Գյումրու <<Ընտանիք>> բարեգործական հիմնադրամին իրենց զավակների հոգում հավատի ու հուսո լույսը կրկին վառելու, նրանց վստահությունը ապագայի հանդեպ վերահաստատելու, ինչպես նաև ապրելու և պայքարելու հավատը վերածնելու համար:

Լիլիթ Ավետիսյան